20 հունվարի 2020 - 17:36 AMT
Դի Կապրիոն և Դե Նիրոն կնկարահանվեն Սկորսեզեի նոր ֆիլմում

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն պաշտոնապես հաստատել է, որ Ռոբերտ դե Նիրոյի հետ միասին նկարահանվելու է Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում՝ «Լուսնածաղկին սպանողները» (Killers of the Flower Moon): Այդ մասին դերասանը հայտարարել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի (Screen Actors Guild Award) մրցանակաբաշխության ժամանակ:

Դի Կապրիոն և դե Նիրոն բազմիցս են գործակցել Սկորսեզեի հետ, սակայն ոչ միասին՝ լրագրող Դևիդ Գրաննայի գրքի էկրանավորումն առաջին ֆիլմը կլինի, որտեղ նրանք կխաղան միասին, գրում է Esquire-ը:

Ֆիլմը նկարահանվելու է Գրաննայի «Լուսնածաղկին սպանողները» գրքի հիման վրա՝ ԱՄՆ-ում 1920-ականներին նավթային տենդի ժամանակների մասին: Ըստ սյուժեի՝ հանցավոր խմբավորումները շահագրգռված են շահագործելու նավթի հանքերը և ամբողջ ընտանիքներով սպանում են Օկլահոմայի հնդկացիներին:

Գիրքն ԱՄՆ-ում բեսթսելերների շարքին է դասվել:

Սկորսեզեն մտադիր է արդեն գարնանը նկարահանումներ սկսել Օկլահոմայում: Սցենարի հեղինակն է Էրիկ Ռոտան («Ֆորեսթ Գամփ»):