21 հունվարի 2020 - 11:10 AMT
Անասնապահները մարզպետի հետ հանդիպելուց հետո բացել են Երևան-Արարատ մայրուղին

Հունվարի 20-ի առավոտից անասնատերերը, գյուղացիները փակել են Երևան-Արարատ մայրուղին՝ բողոքելով սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Նրանց հանդիպել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխանցում է Panorama.am-ը:

Տարբեր մարզերից մի քանի տասնյակ գյուղացիներ և ֆերմերներ մի քանի օր շարունակ հավաքվում էին Կառավարության մոտ՝ նույն պահանջով: Որևէ պատասխան չստանալով և հանդիպում չունենալով՝ նրանք հունվարի 20-ին հայտարարել են, որ փակելու են միջպետական, համայնքային տարբեր ճանապարհներ:

Մարզպետի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները նշել են, թե դժգոհ են, որ Կառավարությունից ոչ ոք չեկավ և չհանդիպեց իրենց:

Արարատի մարզպետն առաջարկել է ԱԺ-ում հարցը քննարկելուց հետո հանդիպել և փորձել դրան լուծում տալ:

Երևան-Արարատ մայրուղին հանդիպումից հետո բացվել է, կողմերը պայմանավորվել են ժամը 18:00-ին հանդիպել մարզպետարանում: Ցուցարարները նշել են, որ, եթե հարցին լուծում չտրվի, իրենք փակելու են նաև օդանավակայան տանող ճանապարհը:

Ֆերմերներն ու գյուղացիները պնդում են՝ Կառավարությունը սպանդանոցներում պարտադիր մորթ կատարելու որոշումը կայացրել է առանց իրենց կարիքները հասկանալու: Անասնապահների խոսքով՝ իրենց 6-7 ամիս ժամանակ է պետք, որ հասկանան՝ շարունակում են զբաղվել անասնապահությամբ, թե՝ ոչ: Ցուցարարները նշում են, որ սպանդանոցային պարտադիր մորթի պատճառով իրենք մեկ կենդանու մորթից կորցնում են 30,000 դրամ:

Ներկայումս հանրապետության տարածքում 22 սպանդանոց է գործում. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց կառուցման փուլում են, 26-ը՝ նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում: