21 հունվարի 2020 - 11:33 AMT
Արցախի նախագահի և ԱԺ ընտրությունները կկայանան մարտի 31-ին

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2020-ի մարտի 31-ին, տեղեկացնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Համապետական ընտրությունների քվեարկության օրը` մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվել է ոչ աշխատանքային:

Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին:

Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007-ից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։