21 հունվարի 2020 - 13:28 AMT
Ծննդականներում կնշվի երեխայի սեռը. Օրինագիծն անցել է 1-ին ընթերցումը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ծննդյան վկայականներում երեխայի սեռը նշելու մասին օրինագիծը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը շրջանառության մեջ էր դրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Գործող օրենքով ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում երեխայի սեռը չի նշվում, ինչը, որոշ դեպքերում, խնդիրներ է առաջացնում, հատկապես արտերկրում: Կարող են լինել նաև այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը։

ԼՀԿ խմբակցության ավելի վաղ տարածած փաստաթղթում նշված էր, որ երեխայի սեռի վերաբերյալ նշում պարունակում են գերմանական և ֆրանսիական ծննդյան վկայականները, այդ նշումը կատարվում է նաև ԱՄՆ շատ նահանգներում ու բազմաթիվ այլ երկրներում։