21 հունվարի 2020 - 15:54 AMT
Նախարար. Նախաձեռնվող սահմանադրական փոփոխությունները հանրաքվե են ենթադրելու

ՀՀ-ում հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները կնպաստեն նաև դատաիրավական համակարգն առողջացմանն ու դրա հանդեպ վստահությանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Մենք այնպիսի փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք անպայման ենթադրելու են հանրաքվե»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով տեսակետին, որ 5 տարին մեկ չպետք է Սահմանադրություն փոխել՝ Բադասյանը նշել է, որ վերջին փոփոխությունը ՀՀ պատմության մեջ կարելի է խայտառակություն անվանել։

«Այս փոփոխությունը հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում», - ասել է նախարարը՝ շեշտելով, որ խորհրդարանականից կիսանախագահական կառավարման համակարգի անցում կատարելու մտադրություն առայժմ չկա։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել սահմանադրական փոփոխություններ նախապատրաստելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին: ԱյՆ 15 անդամ կունենա։ Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե կմտնեն արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից և մեկական՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ԱԺ խմբակցություններից ներկայացված են՝ «Իմ քայլից» ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Գևորգ Պետրոսյանը, իսկ «Լուսավոր Հայաստանից»՝ Տարոն Սիմոնյանը: