21 հունվարի 2020 - 16:37 AMT
Սերժ Սարգսյանի փաստաբաններ. Քաղաքական հետապնդում է տարվում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ասվում է փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

Նշվում է, որ վարույթն իրականացնող մարմինն առանց բավարար հիմնավորումների մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները:

Քրգործի նյութերին ծանոթնալուց հետո փաստաբանները վերահաստատել են նախաքննության սկզբնական փուլում արտահայտած պնդումները, թե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքում գործողությունների համար:

Որպես հակափաստարկ թիմը նշել է, որ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Ըստ պաշտպանների՝ Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի (քրգործերը կարճելու հիմքերը) պահանջների կոպիտ խախտմամբ, քանի որ գործում չկան առերևույթ հանցանքի կատարման մասին վկայող բավարար ապացույցներ: Հավաքված տվյալները որևէ կերպ չեն փաստում, որ գործն առհասարակ քննվել է հանցագործության դեպքով:

Փաստաբանների պնդմամբ՝ հավաքված տվյալներն «աղաղակում են հանցագործության դեպքի բացակայության մասին», գործում էլ չկան այնպիսի փաստարկներ, որոնք կարող էին վարույթն իրականացնող մարմնին հուշել Սարգսյանի կողմից առերևույթ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին: Գործում չկա նաև ապացույց, որի հիման վրա քննիչը կարող էր օրենքով սահմանված կարգով արգելադրել Սարգսյանի գույքը:

Սերժ Սարգսյանը մեղադրվում է դիզվառելիքի գործով՝ առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 մլն դրամի վատման համար: Այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի՝ այդ թվում գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: