21 հունվարի 2020 - 17:40 AMT
Ադրբեջանն ու Վրաստանը կշարունակեն գործակցել ռազմական ոլորտում

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները 2020-ի երկկողմ ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել: Փաստաթուղթը Թբիլիսիում ստորագրել են Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանում է պաշտոնական այցով:

Փաստաթղթով նախատեսվում է փորձագիտական խմբերի փոխայցերի կազմակերպում, մարտական պատրաստականության և առաջատար փորձով փոխանակման համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև այլ միջոցառումներ, հայտնում է Haqqin.az-ը:

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերը կարևորել են փոխադարձ աջակցությունը երկու երկրի տարածքային ամբողջականությանը:

Ռազմական գործակցության վերաբերյալ նմանատիպ փաստաթուղթ Ադրբեջանն ու Վրաստանը ստորագրել էին նաև 2019-ին և նախորդ տարիներին: Վերջին ծրագիրը նախատեսում էր ռազմական զորավարժություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև խորհրդատվություններ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների մակարդակով: