27 նոյեմբերի 2008 - 12:38 AMT
Եվրոպական հարեւանության քաղաքականության ընդլայնումը առաջնային է ԵՄ-ի բոլոր երկրների համար
«Հարավային Կովկասը կարեւոր տարածաշրջան է Եվրամիության համար եւ մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի այս տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն հաստատվի: Մեր ընդհանուր նպատակն է աջակցել Հարավային Կովկասի բարգավաճմանն ու խաղաղության ապահովմանը եւ զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի հետ»,-այսօր Երեւանում կայացած «Եվրամիությունն ու Հարավային Կովկասը. Անվտանգ գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը: Նրա խոսքերով, ամրապնդելով տարածաշրջանի տնտեսական ինտեգրումը, զարգացնելով քաղաքական եւ մշակութային երկխոսությունը Հարավային Կովկասի ու ԵՄ-ի երկրնեի միջեւ, հնարավոր կլինի ամրապնդել ողջ Եվրոպայի անվտանգությունը:

«ԵՄ-ի արագ միջամտությունը վերջերս Վրաստանում ծավալված ճգնաժամին վկայում է այն մասին, թե որքան են կարեւորում ԵՄ երկրները Հարավային Կովկասը, եւ որ ԵՄ-ի ռազմավարական նպատակներից մեկն այն է, որ բարեփոխումների իրագործմանն ուղղված Հայաստանի, եւ նրա հարեւանների, ջանքերը հաջողությամբ պսակվեն: Դա բխում է մեր ընդհանուր շահերից»,-նշել է գերմանացի դիվանագետը` հավելելով, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության ընդլայնումը գերակայություն է ոչ միայն Գերմանիայի, այլ նաեւ ԵՄ-ի բոլոր երկրների համար:

«ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ-ի խորհրդատվական խումբ Հայաստան գործուղելու վերաբերյալ: Մենք հուսով ենք, որ խումբը կաջակցի բարեփոխումների ընթացքին: Այդ խմբի գործուղումը ՀՀ վկայում է այն մասին, թե որքան է ԵՄ-ն կարեւորում համագործակցությունը պաշտոնական Երեւանի հետ»,-նշել է Ա.Վիկտորինը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը պետք է շարունակի իր ջանքերն, ուղղված ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու անկախ դատական համակարգի ստեղծմանը: