22 հունվարի 2020 - 13:36 AMT
Վարդի Օհանյանը՝ Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար

Հայազգի Վարդի Օհանյանը պաշտոն է ստացել Լիբանանի նոր կառավարությունում՝ երիտասարդության և սպորտի նախարար:

Մինչև նշանակումն Օհանյանը սոցիալական աշխատող էր, նա նաև «Զվարթնոց» հատուկ կրթական կենտրոնի հիմնադիրն է: Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՅԴ-ն:

Հունվարի 21-ին՝ 33 օրվա բանակցություններից հետո, Լիբանանում վերջնականապես ձևավորվել է նոր կառավարությունը՝ նախկին նախարար Հասան Դիաբի գլխավորությամբ: Կառավարությունում 20 անդամ կա, նախարարներից 6-ը կանայք են, գրում է Naharnet-ը:

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարարիի կառավարությունում 2 հայազգի նախարար կար՝ զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը (ՀՅԴ) և սոցհարցերի նախարար Ռիչարդ Կույումջյանը:

Լիբանանում 2019-ի աշնանը բողոքի ցույցեր էին երկրի կառավարության դեմ: Ցուցարարները մեղադրում էին քաղգործիչներին իշխանության չարաշահման և սեփական հարստացման համար պետռեսուրսներն օգտագործելու մեջ: Դրանց արդյունքում վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական էր տվել: