22 հունվարի 2020 - 17:25 AMT
Նախարար. Թուրքիայի հետ հարաբերությունների հարցն ամենասուր մարտահրավերներից է

Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանն առաջին հերթին դիտարկում է ազգային անվտանգության տեսակետից՝ այդ հարցն ամենասաուր մարտահրավերներից է: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ մասին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարևան պետության տարածքով ծովային հաղորդակցության հնարավորության մասին ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

Որպես դեպի ծով ելք չունեցող պետություն ՀՀ-ն ունի որոշ արտոնություններ և կարող է հարևան պետության տարածքով ծովային հաղորդակցություն իրականացնել։

«Թուրքիայի գործոնն առավել քան տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ», - ասել է նախարարը։

Ըստ նրա՝ դեպի ծով ելքի տեսանկյունից անհրաժեշտ են անելիքների հստակ հաշվարկներ։

1993-ին Թուրքիան միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը՝ պաշտոնապես որպես պատճառ նշելով «հայկական զորքերի կողմից ադրբեջանական շրջանների օկուպացիան»: Թուրքական կառավարությունը հայտարարում է, որ կբացի սահմանը, եթե Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դուրս բերի զորքերը ղարաբաղյան հակամարտության գոտուց: