22 հունվարի 2020 - 18:03 AMT
Ավինյանը՝ Ucom–Beeline գործարքի մասին. Մենաշնորհի ձևավորումից պետք է խուսափել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Ucom ընկերության կողմից Beeline ապրանքանիշը գնելու վերաբերյալ Հանրային ծառայությունների հանձնաժողով ներկայացված հայտին: Նա ասել է, որ հարկավոր է ամեն ինչ անել մենաշնորհի ձևավորումից խուսափելու համար։

Փոխվարչապետի խոսքով՝ շուկաների վերլուծություն է արվելու՝ պարզելու, թե ինչ ֆինանասական վիճակում են ընկերությունները: ՀԾԿՀ դիրքորոշումն այն է, որ առկա բոլոր հաճախականությունները պետք է միշտ 3-րդ օպերատորի մուտքի հնարավորություն տան։

Ավինյանը նշել է, որ գործընթացը բարդ է, և բոլոր կարծիքները համադրելով՝ պարզ կդառնա, թե արդյոք այդ միավորումը հնարավոր է:

Ucom-ն ու Beeline-ը բջջային կապի հայկական 3 օպերատորից 2-ն են, այսպիսով՝ նրանց միավորմամբ երկրում կմնա բջջային կապի 2 օպերատոր։ Ընկերությունները նաև հիմնական խաղացողներ են ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի ծառայությունների շուկաներում: