Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքել է տարածված լուրերը, թե մարզի տարածքում ինքնաթիռ է կործանվել:
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթյուն է եղել, իսկ Ենոքավանի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել, գրում է Aysor.am-ը:
«...պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել», - գրել է Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա հղում է արել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը՝ ՀՀ-ում ռուսական ավիաբազայի ուղղաթիռների ներգրավմամբ տարբեր բարդության թռիչքների մասին:
Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի օդաչուները վարժանքների ժամանակ մշակել են Մի-8ՄՏՎ ուղղաթիռների կառավարման պարզ և բարդ տարրեր: Թռիչքներն իրականացվել են ցերեկը՝ մառախուղի և վատ տեսանելիության պայմաններում:
Գործնական վարժանքներին մասնակցում է մոտ 100 զինծառայող և 30 միավոր ցամաքային ու ավիացիոն ռազմատեխնիկա: