27 նոյեմբերի 2008 - 15:23 AMT
Եվրամիությունը կիսում է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրներին
Հարավային Կովկասի տարածաշրջանը, որն արտաքին ուժերն ընկալում են որպես միասնական ամբողջություն, տարանջատված է ներքին հակասություններով: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիությունն ու Հարավային Կովկասը. Անվտանգ գործընկերությո՞ւն» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, եթե պատշաճ կերպով չվերլուծվեն օգոստոսյան իրադարձությունները, ապա հնարավոր կլինի եւս մեկ ռազմական հակամարտություն: «Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության մեջ, ինչը մեր պատասխանն է տարածաշրջանի այլ երկրների փորձերին` մեկուսացնել մեզ տնտեսական նախագծերից»,-ասել է Կիրակոսյանը:

Հայ դիվանագետն ընդգծել է նաեւ, որ Եվրամիությունը կիսում է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրներին: «Մենք ողջունում ենք նոր տարածաշրջանային նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստ բերել Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը: Սակայն այդ նախաձեռնությունները պետք է լինեն Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Դրանք նաեւ պետք է մաս կազմեն Արեւելաեվրոպական գործընկերության, ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության եւ անդրսահմանային տարածության շրջանակներում »,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ արգելակում է տարածաշրջանային նախաձեռնությունները: «Առանց ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման Հարավային Կովկասի դինամիկ զարգացումն անհնար է»,-ասել է Արման Կիրակոսյանը: