27 նոյեմբերի 2008 - 15:43 AMT
Consortium Initiative-ը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարություններ է ներկայացրել ԵԱՀԿ ՄԽ-ին
Ոչ կառավարական կազմակերպությունները ղարաբաղյան խաղաղ գործընթացի եւ այդ խնդրի շուրջ աշխատող կառավարական եւ ոչ կառավարական հանձնակատարների միջեւ կապերի ընդլայնման կոչ են անում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Consortium Initiative-ում, ՀԿ պլատֆորմը, որի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի աջակցությանը, նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` խաղաղ գործընթացին առավել թափանցիկություն հաղորդելու նպատակով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակման եւ երկխոսության մեխանիզմի ստեղծման հանձնարարություններով:

Consortium Initiative-ը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ հսկողության ներքո Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը կշահի հակամարտության մեջ ներգրավված երկրների եւ հասարակությունների միջեւ գործընթացների սերտ փոխգործակցությունից եւ քննարկումներից: 2008թ. երկրորդ կեսին Consortium Initiative-ը մի շարք խորհրդատվություներ անցկացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններում, երկու երկրների բարձրագույն օղակի պաշտոնյաների, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների հետ, ինչպես նաեւ ինտենսիֆիկացրեց քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը հակամարտության տարածաշրջանում: Այդ քննարկումների եւ խորհրդատվությունների հիման վրա Consortium-ը համանախագահներին կոնկրետ հանձնարարություններ է ներկայացրել, որոնք կօգնեն հայերի եւ ադրբեջանցիների կողմից ավելի լավ հասկանալու եւ աջակցելու խաղաղ գործընթացին հակամարտության գոտում եւ նրա սահմաններից դուրս»,- նշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ուղղված նամակում:

Իր նամակում Consortium-ը նաեւ բարձր է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ այդ երկրների կառավարությունների կողմից կատարված բազմամյա աշխատանքը` ուղղված իրենց դիրքորոշումների միջեւ անդունդի նեղացմանն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը, ինչպես նաեւ այդ բանակցություններին օգնելու առումով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը: Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ 2008թ. նեյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը նոր թափ հաղորդեց խաղաղ բանակցություններին: Consortium-ի մասնակիցները գտնում են, որ այդ հռչակագիրը լավ հիմք է հանդիսանում հակամարտության լուծմանն ուղղված ապագա գործողությունների համար: «Հիմա լավագույն պահն է, որպեսզի առաջ մղվի խաղաղ գործընթացը, եւ հաջողության կարելի է հասնել միայն եթե կառավարություններն ու քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաեւ միջազգային հանրությունը համերաշխ կերպով աշխատեն միասին այդ նպատակին հասնելու համար»,- ընդգծվում է նամակում:

Սկսած 2003թ.-ից Consortium Initiative-ի մասնակիցները` International Alert-ը, Conciliation Resources-ը եւ LINKS-ը աջակցել են խաղաղ գործընթացին` ներգրավելով Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ պետական սեկտորը` ներառյալ ներկայումս Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին եւ հակամարտությունից փախած ադրբեջանցիներին, ինչպես նաեւ ներքին կարգով տեղափոխված կազմակերպությունները, փախստականներն ու հակամարտությունից տուժած այլ խմբեր: Consortium-ի գործունեությունն ուղղված է զանազան նպատակային խմբերի սեկտորին` սկսած տեղական հասարակական կազմակերպություններից, զանգավածային լրատվամիջոցներից մինչեւ քաղաքական կազմակերպություններ եւ խորհրդարաններ: