24 հունվարի 2020 - 12:34 AMT
Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա Դրեզդենի Semper Opernball-ում

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը Դրեզդենում կայանալիք Semper Opernball-ի համերգին մասնակցելու հրավեր է ստացել:

Ավելի վաղ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, ում հետ Դրեզդենի բեմում հանդես էր գալու երգչուհին, հրաժարվել էր երգել նրա հետ:

«Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։ Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում»,- ասվում է երգչուհու ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հունվարի 13-ին ադրբեջանցի օպերային երգիչը, ըստ «Ֆորում Օպերա» ամսագրի»՝ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր ելույթ ունենալ հայազգի սոպրանո Մանթաշյանի հետ: Ըստ աղբյուրի՝ երկու արտիստն էլ պետք է ելույթ ունենային փետրվարի 7-ին Դրեզդենում համերգին, բայց, չնայած հրավերին, կազմակերպիչ Semper Opernball ասոցիացիայից հայազգի սոպրանոյին խնդրել էին չներկայանալ: Ինքը՝ Էյվազովը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր լուրը՝ նշելով, որ կոսմոպոլիտ արտիստ է, իսկ իր քաղաքական հայացքները չեն ազդում մասնագիտական կյանքի վրա:

Աշխարհահռչակ գերմանացի բաս Ռենե Պապեն՝ մեկնաբանելով ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի վարքագիծը, հորդորել էր տենորին ատելություն չբերել իր քաղաք: Էյվազովին դիմել էր նաև գերմանացի մեկ այլ երգիչ՝ Թոմաս Քվասթոֆը՝ նշելով, որ ռասիզմը երգչի մասնագիտության և առհասարակ այս աշխարհում անելիք չունի: