24 հունվարի 2020 - 13:13 AMT
Բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրինագիծն ընդունվել է

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Դրանց կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 18:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով սեփականատերերին առաջարկվում է պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ բանկային հաշվին:

Նրա համոզմամբ՝ փոփոխությունները միտված են նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն ու թափանցիկությանը:

2019-ի հոկտեմբերին ներկայացված նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր դեկտեմբերին: Փոփոխությամբ նախատեսվում է ապահովել համատիրությունների կատարված աշխատանքի և ֆինանսական շարժի թափանցիկությունը, ինչպես նաև հնարավորություն է տրվում խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից: