24 հունվարի 2020 - 13:22 AMT
359 անձ գողություն է արել «Դալմա Գարդեն Մոլից» և «Երևան Մոլից». Ընդհանուր՝ 22.6 մլն դրամի

«Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններից 359 անձ գողություն է արել. նրանցից 71-ը` մարզերի, 288-ը՝ Երևանի բնակիչներ են: Այս մասին հայտարարվել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ժամանակ:

Հափշտակությունների արդյունքում տնտեսվարողներին 22.6 մլն դրամի վնաս է պատճառվել, որից 15.5 մլն դրամը վերականգնվել է:

Մեղադրյալների գույքի վրա հիմնականում կալանք չի դրվել՝ դրանց բացակայության պատճառով: Երկու առևտրի կենտրոնում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ը կալանավորվել են, իսկ մնացած 348-ի հանդեպ խափանման այլ միջոցներ են կիրառվել, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել:

Հանցագործներին, հիմնականում, բռնել են ահազանգի սարքերի միանալու արդյունքում. 7 դեպքում անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակության պահը և բռնել հանցագործին:

Ավելի վաղ «Դալմա Ինվեստ» և «Երևան մոլ» ՍՊԸ-ների ներկայացուցիչները Քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված դիմումով խնդրել էին միջոցառումներ ձեռնարկել՝ ընկերություններից հափշտակություն արած կրկնահանցագործների նկատմամբ առավել խիստ դատավարական միջոցներ կիրառելու համար:

Կարդացեք նաև. Գրպանահատների «երջանիկ օրերը» կավարտվեն. Անպատժելիությունն ապահովող օրենքը կխստացվի