25 հունվարի 2020 - 15:37 AMT
Փաշինյան. Հեղափոխությունից հետ Հրայր Թովմասյանն ինձ իր ծառայություններն է առաջարկել և մերժվել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հեղափոխությունից հետո պարբերաբար իր ծառայություններն է առաջարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ մերժել է Թովմասյանին:

«2018 թվականի մայիսից սկսած, սկզբում` ամենօրյա ռեժիմով, հետո` ամենշաբաթյա, հետո` ամենամսյա, Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ «քանի, որ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք իրար հետ կարող ենք անել չգիտեմ ինչեր»: Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ գործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ, իսկ Հայաստանի Հանրապետությունը կունենա Սահմանադրական դատարան», - հայտարարել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան այսօր չկա:

«ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն՝ իր կազմից, բայց այսօր մենք ունենք ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ, և հիմա պարզվեց, որ ՍԴ նախագահ, ըստ պաշոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։ Մենք չենք կարող ասել, որ մի թեթև կեղծիք են արել։ Տեղի է ունեցել պաշտոնական կեղծիք, ինչի հետևանքով ՍԴ-ն օկուպացվել է մի անձի, և մի խմբի կողմից։ Ինչ պետք է՝ այն էլ անելու ենք»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ քրգործ կա՝ ՍԴ նախագահի պաշտոնը օկուպացնելու դեպքով:

2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: