29 հունվարի 2020 - 13:15 AMT
ԱՆ. ՀՀ-ն կորոնավիրուսի համար ռիսկային երկիր չէ, բայց լաբորատոր թեստեր ստանալու քայլեր են արվում

Հայաստանը կորոնավիրուսի տարածման ռիսկային երկիր չի համարվում, սակայն քայլեր են ձեռնարկվում հնարավորինս վաղ՝ 10 օրվա ընթացքում վիրուսի լաբորատոր թեստեր ստանալու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նոր կորոնավիրուսի լաբորատոր թեստերի անհրաժեշտություն առայժմ չի եղել ՀՀ-ում, նման կասկածի դեպքում այժմ նմուշը կարող է ուղարկվել այլ երկիր: Փոխնախարար Նանուշյանի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից վիրուսի լաբորատոր թեստերը տրամադրվում են առաջին հերթին Չինաստանի հարևանությամբ, բարձր ռիսկային գոտում գտնվող երկրներին:

Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ 5-6 քաղաքացու հետ մշտական կապ կա, նրանք վարակված չեն և պահպանում են անվտանգության կանոնները: Այս պահին ՀՀ-ում հսկողության տակ է գտնվում Չինաստանի մեկ քաղաքացի, նրա մոտ 37 աստիճան ջերմություն է եղել:

Թորոսյանի խոսքով՝ Չինաստանում կորոնավիրուսի՝ մարդուց մարդ փոխանցման դեպք է եղել, այն երկրներում, որտեղ «բերովի» դեպքեր են արձանագրվել, մարդուց մարդ փոխանցում չի եղել:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՆ քննարկման արդյուքնում որոշվել է հունվարի 26-ից արգելել կենդանական ծագմամբ մթերքների և ծովամթերքի մուտքը Հայաստան, այս պահին սահմանային անցակետում 4 լեզվով պաստառներ կան՝ անհրաժեշտ ինֆորմացիայով և թեժ գծի հեռախոսահամարով: ԱՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային տարբեր կառույցների հետ:

Աշխարհում կորոնավիրուսի՝ ԱՀԿ կողմից հաստատված 4537 դեպք կա՝ 106 մահվան ելքով: Գրանցվել են դեպքեր ոչ միայն Չինաստանում, այլև Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Չինաստանից դուրս գրանցված դեպքերը կապված են այդ երկրից ժամանած մարդկանց հետ: