29 հունվարի 2020 - 17:06 AMT
Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի 2019-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս կոչմանը նա արժանանում է արդեն 9-րդ անգամ:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019-ի քվեարկության արդյունքներով Մխիթարյանը 109 միավոր է հավաքել:

104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Մխիթարյանը հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Նա համարվում է ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: