31 հունվարի 2020 - 17:15 AMT
ՌԴ դեսպանատունը տարակուսած է ՀՀ համար «ռուսական հեռուստաալիքների սպառնալիք» լինելու հայտարարությամբ

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տարակուսանք է հայտնել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության առնչությամբ, թե ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»։

ՀՌՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի:

Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի մասին ՀՀ ղեկավարության հայտարարությունների ֆոնին ՀՀ «ազգային անվտանգությանը սպառնացող» ռուսական հեռուստաալիքների մասին հայտարարությունը տարակուսանք է առաջացնում:

«Զարմանալի էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի մեկնաբանությունից տեղեկանալ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը համամիտ է նման մոտեցմանը:

Կցանկանայինք հիշեցնել, որ Հակոբյանի հետ դեսպանի միակ, բավականին վաղուց տեղի ունեցած զրույցում վերջինիս հնչեցրած «առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս» ունենալու մտադրությունն ընդամենն ի գիտություն է ընդունվել: Մինչդեռ ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ հարկավոր է հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների կարծիքը, որոնք ռուսական հեռուստաալիքների մշտական հանդիսատես են»,- ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:

ՀՀ հանրային մուլտիպլեքսի շրջանակում հեռարձակվում է 27 հեռուստաալիք, այդ թվում 3 ռուսական՝ «Առաջին ալիքը», «Ռոսիան» և «Ռոսիա Կուլտուրա»-ն, ինչպես նաև միջպետական «Միրը», և ամերիկյան CNN-ը: