1 փետրվարի 2020 - 13:59 AMT
Բախշյան. Հոկտեմբերի 27-ի մասին ԱԱԾ-ն իմացել է և չի կանխել

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Նաիրի Հունանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած նամակում կարող էր ասել, որ պատրաստ է գործակցել, բայց նա այն կերպարը չէ, որին կարելի է վստահել: Այս մասին հայտարարել է Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանը, որի բողոքի հիման վրա էլ գործից անջատված և 16 տարի առաջ կարճված մասով նոր քննություն է սկսվել, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունանյանի գրած նամակի մասին հայտնի էր դարձել հունվարի 17-ին: Ոչ վարչապետի աշխատակազմից, ոչ ԱԱԾ-ից դրա բովանդակության մանրամասները չեն հայտնել: Հայտնի է, որ վարչապետն այն ուղարկել էր գլխավոր դատախազին, Գլխավոր դատախազությունն էլ՝ ԱԱԾ, գործի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար: 4 տարվա քննությունից հետո՝ 2004-ին, Գլխավոր դատախազությունը կարճել էր հանցագործության այլ մասնակիցներին, դրդիչներին, հնարավոր կազմակերպիչներին հայտնաբերելու համար Հոկտեմբերի 27-ի գործից առանձնացված մասը՝ հանցադեպի բացակայության հիմքով։

«Իրավիճակի փոփոխությամբ ինքը նույնիսկ այն, ինչ մամուլը ենթադրաբար է գրել, կարող է իրականություն հանել, այսինքն՝ ասել, որ պատրաստ է գործակցել կազմակերպիչներին բացահայտելու աշխատանքներում, գործընթացներում, բայց նա այն կերպարը չէ, որին կարելի է վստահել: Իր ամեն խոսքին ճիշտ քննիչը չպիտի հավատա և յուրաքանչյուր ասածը պիտի ստուգի, որովհետև ես իր ցուցմունքները բոլորը կարդացել եմ. առաջին ցուցմունքներում ինքը շատ մարդկանց անուններ էր տալիս, բայց 2000-ի ապրիլից հետո փոխեց խոսքը, և դրանից հետո մինչև դատաքննության ավարտը կազմակերպչի չէր նշում՝ «ես եմ արել, ես»: Դատի ժամանակ 2 եղբայր վիճում էին անգամ, թե ով էր այս գաղափարի հեղինակը: Այդաստիճան իրեն հերոսի տեղ էր դրել, իսկ թե այս (Փաշինյանին ուղղված,- խմբ.) նամակում ինքն ինչ է գրել, այո՝ ինձ շատ հետաքրքիր է», - ասել է Բախշյանը:

1999-ին Ազգային ժողովում սպանված՝ խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի խոսքով դեռ որևէ քննչական գործողության ինքը չի մասնակցել, սակայն իր փաստաբանը միջնորդել էր գլխավոր դատախազին, որպեսզի ոչ թե ԱԱԾ-ի, այլ Հատուկ քննչական ծառայության ենթակայությամբ իրականացվի գործի քննությունը, բայց մերժվել էր: Բախշյանը նշել է, որ ԱԱԾ-ի հանդեպ վստահություն չունի:

Գործից կարճված մասի 17 հատորի բովանդակությանը Անահիտ Բախշյանը մինչև անցած տարի ծանոթ չի եղել:

«Գործին ծանոթացել եմ վերջերս: Այնպիսի ցուցմունքներ եմ կարդացել, որ ուղղակի ուզում էի այդ պահին ԱԱԾ-ն պայթեցնել: Կարճ կասեմ՝ ԱԱԾ-ն իմացել է, ԱԱԾ-ն ոչ մի ձևով չի կանխել, ԱԱԾ-ում իրար վրա են գցել, մի խոսքով, կատակ են համարել, հումոր են համարել, և այն փաստը, որ Հունանյանն ինքն ԱԱԾ գործակալ է եղել», - հայտարարել է նա:

1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը՝ ներխուժելով ՀՀ ԱԺ, որտեղ ընթանում է Կառավարության հարցուպատասխանը, կրակ էր բացել, ինչի արդյունքում սպանվել էին Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչներ՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին: Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ էին արձակվել հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։