ՀՀ և Ղազախստանի իշխանությունները քննարկում են այդ երկիր ներկրված հայկական համարանիշներով մեքենաների հետ կապված կարգավորումները, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է ԱՌԿԱ-ն:
Փոխվարչապետը հայտնել է, որ, իր տվյալներով, բանակցությունների արդյունքում ղազախական կողմը մինչև 2020-ի մարտի 1-ը հետաձգել է հայկական համարանիշերով մեքենաներին վերաբերող կարգավորումների գործարկումը: Գրիգորյանի խոսքով՝ Ղազախստանը խնդրի կառուցողական լուծման կողմնակից է:
Ըստ ԵԱՏՄ կարգավորումների՝ մինչև 2020-ը երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մասով Հայաստանն ուներ արտոնյալ պայմաններ: Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին զիջող գներով, իսկ ՀՀ ներմուծված մեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ անդամ այլ պետություններ, մասնավորապես՝ Ղազախստան:
2020-ից Հայաստանի արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվել է և երկրում ևս արդեն գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափեր: Այդ ընթացքում ղազախստանցիներին է վաճառվել 189,000 մեքենա, 2018-ի 64,000-ի դիմաց: Ավելի ուշ Ղազախստանի իշխանությունները հայտարարել էին, որ հայկական համարանիշներով մեքենաները երկրում ապօրինի են և սեփականատերերը պետք է մաքսազերծեն դրանք կամ դուրս բերվեն երկրից: Ղազախստանոմ հայկական համարանիշներով մեքենաների սեփականատրերը պարբերաբար բողոքի ակցիաներ էին անում այդ կարգավորման դեմ:
Գրիգորյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ եթե արտոնությունը տարածվում է մեկ երկրի վրա, ապա այն պետք է վերաբերի միայն այդ երկրի քաղաքացիներին: Փոխվարչապետը նշել է, որ շարունակվում են քննարկումները Ղազախստանի հետ: «Խնդիրը նաև ԵՏՄ միասնական թվային համակարգի բացակայության հետևանք է, որի վրա հիմա աշխատում ենք,- հայտարարել է Գրիգորյանը:
Հունվարի 31-ին ևս Ղազախստանի հարյուրավոր վարորդներ բողոքի ցույցեր են իրականացրել՝ նշելով, որ իրենց այն ժամանակ հայտնի է եղել, թե ԵՏՄ երկրից մեքենա ներկրելիս տուրքեր վճարելու անհրաժեշտություն չկա, իսկ այժմ կառավարությունն իրենց մեծ ծախսերի առաջ է կանգնեցնում: