3 փետրվարի 2020 - 18:45 AMT
Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանին հարցաքննության կկանչեն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության, ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Ղուկասյանը հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրգործի շրջանակում: Հաղորդումը «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է, գրում է «Հայկական ժամանակը»:

Դատախազն ասել է, որ վիճարկվում է Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314 հոդված հատկանիշներով (Պաշտոնեական կեղծիքը): Քրեական գործի շրջանակում, ըստ դատախազի, պարզել են նաև, որ Ղուկասյանը տարբեր անձանց շինություններ է օտարել, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում:

Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Դիտարկվելու է նաև մի քանի կաթսայատան օտարման օրինականությունը: Ուսումնասիրվում է նաև այն հանգամանքը, որ Մայիսյանի կաթսայատունը բավական ցածր գնով օտարվել է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, և սարքավորումները տեղափոխվել են վերջինիս պատկանող շաքարի գործարան:

«Տրվելու է իրավական գնահատական, պարզելու ենք՝ իրականում՝ գումարի չափն ինչքան է եղել: Մենք բոլորի անվանումներն ու հասցեներն ունենք, բայց այս պահին օտարման հիմքերը չունենք: Երբ կստանանք, կուսումնասիրենք: Եթե չստանանք, հարցը կդիտարկենք այլ տիրույթում, և կհարուցվի քրգործ»,- ասել է դատախազը:

Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան, որոնք ևս դատախազության ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես, «Հոկտեմբեր» կինոթատրոնի օտարումը, «Մոսկվա», Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ»-ի, «Մայիսյանի» և այլ կաթսայատների օտարումները: