3 փետրվարի 2020 - 19:06 AMT
ՀՀ-ն անտառ տնկող ու պահպանող սեփական անօդաչուի վրա է աշխատում

Հայաստանն աշխատում է սեփական անօդաչու սարքը ստեղծելու վրա, որը կվերահսկի անտառների տնկման և պահպանման գործընթացը: Այս մասին, ըստ ԱՌԿԱ-ի, հայտարարել է բնապահպանության փոխնախարար Վարդան Մելիքյանը:

2019-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում նախատեսվում է 10 մլն ծառ տնկել: Ըստ վարչապետի՝ ծառատունկը խորհրդանշելու է 10 մլն հայի միասնությունը պետության շուրջ:

«Մենք դիտարկում ենք նախագծի իրականացման հնարավորություններ, այդ թվում՝ հայկական անօդաչու թռչող սարքի ստեղծում, որը «կմասնակցի» ծառատունկին»,- հայտարարել է Մելիքյանը:

Ըստ փոխնախարարի՝ բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ գործակցությամբ մշակվում է սարքի տեխնիկական բնութագիրը. խոսքը մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ սարքի մասին է, որը ոչ միայն թռչելու է, այլև սերմեր և սածիլներ «կրակելու»:

Նախարարը նշել է, որ ներկա պահին իրենց պահանջներին համապատասխան լուծում չի մշակվել. ցանկանում են ստեղծել այնպիսի տարբերակ, որը հետագայում օգտագործման լայն շրջանակ կունենա:

2011-ին Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների` Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է երկրի ընդհանուր տարածքի մոտ 11.17%-ը: