4 փետրվարի 2020 - 10:42 AMT
ՎԶԵԲ-ի 2021-ի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում

Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշմամբ Երևանը ՎԶԵԲ-ի 2021-ի տարեկան ժողովի անցկացման վայր է ընտրվել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն՝ 2021-ի գարնանը Հայաստանը լինելու է ՎԶԵԲ 69 անդամ երկրի, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում է, և թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական։ Եվ հենց այս պահից սկսում ենք աշխատել միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին բարձր էր գնահատել իր ղեկավարած կառույցի գործակցությունն ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ երկրի ֆինանսական հատվածի հետ՝ առանձնահատուկ նշելով Կենտրոնական բանկի աջակցությունը Հայաստանում բանկի նախաձեռնած նախագծերին։