4 փետրվարի 2020 - 17:36 AMT
ՀՀ նախագահն ու վարչապետը քննարկել են ՍԴ շուրջ իրավիճակը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում են ունեցել՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին:

Սարգսյանը կարևորել է հավասարակշիռ ինստիտուտների կայացումը երկրում, վարչապետը, իր հերթին, ասել է, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորել երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և ռազմավարական կառավարման տրամաբանություն ներդնել:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «2020-ին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում... Գիտեք, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք:

Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամ»:

Նախագահը պատասխանել է, որ պատրաստ է քննարկման:

«Շատ էական է այն, ինչ Դուք ասացիք՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետև եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջումգրել է, թե նախագահի հետ ընդհանուր մոտեցումներ ունեն ՍԴ հարցում:

«Հանրապետության նախագահի հետ ունենք ընդհանուր սկզբունքներ և պատկերացումներ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ»,- նշել է նա:

2019-ի դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»՝ նոտարական գրասենյակների տարածքների սեփականաշնորհման հետքերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Թովմասյանն իր դեմ հետապնդումն անհիմն է համարում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ընթացքում մեղադրել էր Թովմասյանին իրեն քծնելու մեջ, իսկ Թովմասյանի՝ ապացույցներ ներկայացնելու պահանջից հետո որպես այդպիսին բերել էր վերջինիս նվիրած գրիչը։ Թովմասյանը հայտարարել էր, որ մտորում է վարչապետին իր հայտարարության կապակցությամբ դատի տալու վերաբերյալ։ Իշխանական տարբեր ներկայացուցիչներ մեղադրում են Թովմասյանին իշխանության ուզուրպացման մեջ, նա ու նախկին ղեկավարության ներկայացուցիչները համարում են ՍԴ վրա «գրոհը» քաղաքականապես մոտիվացված։