5 փետրվարի 2020 - 13:28 AMT
Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածու

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը պայքարելու է Արցախի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Փետրվարի 5-ին կայացել են Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարը և խորհրդի նիստը: Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ»,- նշել է նա:

Բաբայանը խոստացել է մանրամասները ներկայացնել ավելի ուշ:

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին: Գործող նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին:

Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007-ից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։