6 փետրվարի 2020 - 11:22 AMT
Արևիկ Անափիոսյանը թողնում է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը թողնում է փոխնախարարի պաշտոնը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով, որ ընդունվել է Հարվարդի համալսարան և պետք է շարունակի կրթությունը:

«Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարևոր այն բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն:

Միջազգային գործակցության մասով` այս ընթացքում հասկացա, որ եթե երկրի ներկայացուցիչը խելացի է և կարողանում է անկեղծ խոսել խնդիրներից ու գործակցության ծրագրեր ներկայացնել, ապա գործընկերների պակաս չի լինի. հույս ունեմ այստեղ էլ նույն ռիթմով կշարունակվի»,- նշել է Անափիոսյանը:

Նա հավելել է, որ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում է Գործադիր կառավարման կրթական ծրագրով:

Անափիոսյանը քաղաքագիտության մագիստրոս է, 2014-ից զբաղեցնում էր Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 2018-ի մայսին նա նշանակվել էր Կրթության և գիտության նախարարի տեղակալ: