6 փետրվարի 2020 - 12:34 AMT
Թորոսյան. Մրգերի կամ ծանրոցների մակերեսը կորոնավիրուսի տարածման աղբյուր չէ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է վերջին օրերին մամուլում և սոցցանցերում տարածվող տեղեկությանը, թե նոր կորոնավիրուսը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով: Նա հերքել է այդ պնդումները:

«Մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր: Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա»,- նշել է նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդու, Չինաստանում նաև կենդանիներից՝ մարդու:

Փետրվարի 6-ի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 560-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 28,000-ը: Ապաքինվել է 1,100 մարդ: