2 դեկտեմբերի 2008 - 13:04 AMT
Բաքվում Թերրի Դեվիսին համոզել են Ղարաբաղում «ադրբեջանական հուշարձանների ոչնչացման» մե՞ջ
«Պատմական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հարված է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Եվրոպայի եւ ողջ աշխարհի համար, երեքշաբթի օրը Բաքվում ասել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեվիսը: Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը ափսոսանք է հայտնել մշակույթի եւ մշակութային ժառանգության գծով ԵԽԽՀ առաքելության` Ադրբեջան եւ Հայաստան կատարելիք այցի ձգձգման հետ կապված:

«Երկու կողմերն էլ տարաձայնություններ ունեն այդ առիթով»,- ասել է Գլխավոր քարտուղարը` ավելացնելով, որ Եվրոպայի խորհուրդը հանդես է գալիս այն բանի կողմից, որպեսզի առաքելությունը ծանոթանա պատմական եւ մշակութային հուշարձանների իրադրության հետ, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

Նշենք, որ ԵԽԽՀ առաքելության այցի ձգձգման պատճառը Բաքվի պահանջն է, որի համաձայն առաքելության ներկայացուցիչները պետք է Լեռնային Ղարաբաղ այցելեն Ադրբեջանի տարածքով, ինչն անհնար է եւ բացարձակապես անընդունելի հայկական կողմի համար: