6 փետրվարի 2020 - 14:20 AMT
ՍԴ մասին նախագիծն 1-ին ընթերցմամբ չի ընդունվի. Հարցը կառաջարկվի հանրաքվեի դնել

«Իմ քայլը» խմբակցությունը 1-ին ընթերցմամբ չի ընդունի Սահմանադրական դատարանի վերաբերյալ ԱԺ բերված նախագիծը: Այդ մասին հայտնել է հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը։

«Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։ Սա ուղղակի ուղիղ ժողովրդավարության կիրառում է, մեր քաղաքական ուժի համոզմունքը, հավատամքը։ Մենք հավատում ենք ժողովրդին, ասելիք ու լսելիք ունենք մեր ժողովրդից»,- նշել է Հովակիմյանը:

ՍԴ 202-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է, որ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Վահագն Հովակիմյանը մի քանի նախագծեր էր ներկայացրել։ Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ Հովակիմյանն առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել ավելի վաղ ընդունված Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը և Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։

Նախատեսվում էր նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու դեպքում նախագիծն ընդունել պատգամավոների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։