2 դեկտեմբերի 2008 - 13:34 AMT
ANCA. Վերջապես ԱՄՆ Պետքարտուղար է դարձել մի մարդ, որը հստակ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ
Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովը (ANCA) ողջունում է Հիլարի Քլինթոնի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: «Մենք մեր երախտագիտությունն ենք ուղղում ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբամային նրա ընտրության համար, եւ շնորհավորում սենատոր Քլինթոնին իր նշանակման կապակցությամբ: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ վերջին ժամանակներս առաջին անգամ ԱՄՆ Պետքարտուղար է դարձել մի մարդ, որը հստակ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սենատում գտնվելու ժամանակ Հիլարի Քլինթոնը մի անգամ չէ, որ դիմել է նախագահ Ջորջ Բուշին Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով եւ աջակցել այդ հարցի շուրջ Սենատի յուրաքանչյուր բանաձեւին` սկսած 2001թ.-ից: ԱՄՆ նախագահի պաշտոնի համար տարվող նախընտրական քարոզարշավի ժամանակ Քլինթոնը հայտարարեց. «Ես վստահ եմ, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված սարսափելի իրադարձությունները Ցեղասպանություն են հանդիսանում»: