7 փետրվարի 2020 - 11:37 AMT
Փաստաբանների պալատի կոչն ԱԺ-ին՝ հետ կանգնել Սահմանադրության փոփոխությունից

Փաստաբանների պալատի խորհուրդը՝ ուսումնասիրելով մի խումբ պատգամավորների ներկայացրած «ՀՀ սահմանադրության փոփոխություն» խորագրով նախագիծը, կոչ է արել խորհրդարանականներին հետ կանգնել այդ նախաձեռնությունից:

ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրական արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորությունների դադարեցումը, ըստ Պալատի, ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի (Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը) խախտման փորձ:

Նշվում է նաև, որ նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել ՀՀ իրավական անվտանգությունը:

Պալատի իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում, իսկ ՍԴ մասին սահմանադրական օրենքով չի կարող վերացվել Սահմանադրությամբ բարձր դատարանին տրված լիազորությունը:

Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում՝

1. ԱԺ պատգամավորներին՝ հետ կանգնել այն նախաձեռնությունից, որը կարող է ոտնահարել դատական իշխանության անկախությունը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունքները:

2. Հանրապետության նախագահին՝ իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը:

Միաժամանակ, Պալատի խորհուրդը կոչ է անում ԱԺ պատգամավորներին, կառավարությանը և քաղաքական ուժերին, կենտրոնանալ դատաիրավական բարեփոխումների վրա:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Խմբակցությունը մի քանի նախագիծ էր բերել խորհրդարան, որոնցից մեկով առաջարկվում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով խորհրդարանի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր և դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այն չի ընդունվել առաջին ընթերցմամբ՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով։