7 փետրվարի 2020 - 16:57 AMT
ԱԳՆ. Խստագույնս հերքում ենք Ժնևի հանդիպման մասին Վիտալի Բալասանյանի դրույթները

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը խստագույնս հերքել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի կարծիքը, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ժնևում «քննարկել են Քաշաթաղի Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը:

«Եւս մեկ անգամ խստագույնս հերքում ենք նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»,- նշել է նա:

Նաղդալյանը՝ Ադրբեջանում ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ համանախագահ երկրների դեսպանների հանդիպման մասին խոսելիս, ասել էր, որ դա գործոն չի խաղաղ գործընթացում: Հայաստանի փորձագիտական շրջանակում ակտիվանում են քննարկումներն այն թեմայով, որ խաղաղ գործընթացում առավել մեծանում է ԼՂ ադրբեջանական համայնքի դերը խաղաղ կարգավորման գործընթացում, ինչի մասին են վկայում նաև համանախագահ երկրների դեսպանների հանդիպումը համայնքի ղեկավար Թուրալ Գյանջիալիևի հետ: