7 փետրվարի 2020 - 17:16 AMT
Հայաստան կժամանի Հորդանանի թագավորը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին:

Նախագահականում կկայանա թագավորի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Սարգսյանի և թագավոր Աբդալլահ Երկրորդի հանդիպումը: Երկու երկրի ղեկավարները հանդես կգան նաև «Կրոն և հանդուրժողականություն» թեմայով ելույթով:

Այցի շրջանակում Հորդանանի թագավորը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մայր աթոռում նրան կհյուրընկալի նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Թագավոր Աբդալլահ Երկրորդը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019-ի ապրիլին ՀՀ նախագահի՝ Հորդանան այցի ընթացքում:

Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999-ի փետրվարի 7-ին: