3 դեկտեմբերի 2008 - 13:02 AMT
Մեթյու Բրայզա. Մենք հավատում ենք, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում չի լինի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ Հելսինկիում կմշակվեն վստահության ամրապնդմանն ու զինված հակամարտության ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցները, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Հելսինկիում բանավեճերի հիմնական կետը կլինեն հիմնական սկզբունքների ձեւավորմանն ուղղված ԵԱՀԿ համանախագահող երկրների, Ադրբեջանի ու Հայաստանի ջանքերը, որոնք հիմք կծառայեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար»,-ասել է Բրայզան:

Ըստ համանախագահի, յուրաքանչյուր երկրի ղեկավարներն ընդգծում են հիմնարար սկզբունքների տարբեր տարրերը: «Հայաստանի նախագահը հատկապես կարեւորում է ինքնորոշման սկզբունքը, Ադրբեջանի նախագահն ընդգծում է երկրի տարածքային ամբողջականության գաղափարը, որպես միջնորդներ մեր աշխատանքը կայանում է նրանում, որ օգնենք երկու կողմերին համաձայնություն կնքել, որը հաշվի կառնի այս բոլոր հայեցակարգերը փոխհամաձայնեցման սկզբունքով»,-ասել է Բրայզան:

«Դա հեշտ չի լինի, սակայն մենք կարող ենք հավասարակշռությունը պահպանել, այն պայմանով, որ երկու հասարակությունների առաջնորդներն ու քաղաքացիները պատրաստ են համաձայնության գալ: Մենք հավատում ենք, որ չի լինի ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում»,-հավելել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը տեղի կունենա Հելսինկիում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում հոկտեմբերի 4-5-ին: