10 փետրվարի 2020 - 12:44 AMT
Ցմահ դատապարտյալը կարող է ներվել պատժի կրումից ոչ պակաս, քան 15 տարի հետո. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

Ցմահ ազատազրկման դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս քան 15 տարին. Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, փոխանցում է Factor.am-ը:

Նախագիծը հավանություն էր ստացել Կառավարության 2019-ի նոյեմբերի 21-ի նիստում, որի ընթացքում այն ներկայացրել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծով նախատեսվում է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ցմահ դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ:

«Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը: Նախատեսվել է, որ ցմահ ազատազրկված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին»,- հայտարարել էր Բադասյանը:

Ըստ Բադասյանի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ:

«Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը. մասնավորապես, այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման հետ, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- հայտարարել է Բադասյանը:

Ըստ նախարարի՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառումը, վերացնել օրենսդրական բացերը, ապահովել որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանությունը: