10 փետրվարի 2020 - 14:29 AMT
Մալաթիա-Սեբաստիայում բողոքում են «Հյուսիս-հարավի» կառուցման դեմ. Քանդում են ավտոտնակները

Փետրվարի 10-ի առավոտից Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են անում. նրանք դեմ են իրենց շենքի հարևանությամբ անցնող «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցմանը, տեղեկացնում է Shantnews.am-ը:

Առավոտյան բակ տեխնիկա է բերվել, և ճանապարհի կառուցման համար քանդում են ավտոտնակները: Բնակիչները հայտարարում են, որ անվտանգության խնդիր է առաջանում, քանի որ ճանապարհը չափազանց մոտ է շենքին:

Բողոքող քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել, զայրացած բնակիչները պահանջում են, որ քաղաքային իշխանությունն իրենց համար անվտանգության գոտի ապահովի:

Տեխնիկան շարունակում է քանդել ավտոտնակները։

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: