10 փետրվարի 2020 - 17:56 AMT
Վիրաբյան. Երևանի դպրոցներում բացակայողները շատ են միայն կենտրոնում

Փետրվարի 10-ի դրությամբ Երևանի դպրոցներում բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ մեկնաբանելով Երևանի դպրոցներում մեծ թվով բացակայությունների մասին լուրերը:

«Դա, թերևս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկատվությամբ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել: Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով»,- ասվում է գրառման մեջ:

Նա տեղեկացրել է, որ փետրվարի 10-ի դրությամբ Երևանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է՝ 15,9%:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Երևանի հանրակրթական դպրոցներում շատ մեծ է բացակայող երեխաների թիվը: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Աղբալյանի անվան 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը, իսկ Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի 1866 աշակերտից՝ 1421-ը։