11 փետրվարի 2020 - 11:16 AMT
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կսկսվի փետրվարի 17-ից

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

«Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ մշակվել է ժամանակացույց: Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ քարոզչությունը մեկնարկում է այն նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչարշավը», - ասել է Մուկուչյանը:

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՀՀ նախագահը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել է ապրիլի 5-ին: