2019-ին երևանյան պոլիկլինիկաները համալրվել են 10 տեսակի 325 բուժսարքավորումով, կրկնապատկվել է բուժսարքավորումների ձեռքբերման համար համայնքային ԲԿ-ներին տրամադրվող բյուջեն՝ 70 մլն դրամի փոխարեն ուղղվել է 146 մլն դրամ, տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
«2019-ին մենք ձեռք ենք բերել մանկական վաղ ախտորոշման ամբուլատոր բուժում անցկացնելու սարքեր, դրանք պուլսօքսիմետրներն են, որոնք շատ հեշտացրել են մանկաբույժների աշխատանքը»,- նշել է Հարությունյանը:
«84-ից այս կողմ մեր տեխնիկան չէր թարմացվել: Ընթացքում փոփոխություններ, վերանորոգումներ արվել էին, բայց չէր թարմացվել: Իսկ սա մեզ համար ուղղակի հեքիաթ է»,-ասել է «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը:
Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումները, ըստ առաջնահերթության, կշարունակվեն նաև 2020-ին: 2020-ին բուժսարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն 2018-ի համեմատ եռապատկվել է՝ կազմելով 215 մլն:
Երևանի քաղաքապետարանը 2020-ին պոլիկլինիկաներին 12 տեսակի 128 բուժսարքավորում կհատկացնի:
«Ձեռք ենք բերելու սիրտ հետազոտելու ուլտրաձայնային սարքավորումներ: Սա պոլիկլինիկայի տեխնիկական բազայի և մատուցված ծառայությունների ընդլայնմանն ուղղված ևս մեկ քայլ է... Այս տարի մի քանի պոլիկլինիկաների համար նաև ձեռք ենք բերելու ժամանակակից ակնաբուժական սարքավորումներ»,- ընդգծել էփոխքաղաքապետը:
Առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր շարունակում է մնալ շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ 2020-ին ևս մի շարք համաբուժարաններ կվերանորոգվեն: 2020-ին ըստ պլանի ամբողջությամբ կավարտվի նաև Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր ենթակայանների վերանորոգման ծրագիրը: