3 դեկտեմբերի 2008 - 17:44 AMT
Ռենե Ռուկու. Նրանք, ում համար կարեւոր է արդարությունը, պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը
Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուկուն երկրի Սենատին կոչ է արել ընդունել 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: «Այդ հարցը վերաբերում է ոչ միայն Ֆրանսիայի հայերին: Այն վերաբերում է բոլոր նրանց, ում համար կարեւոր են արդարության վերականգնումն ու իրավունքների պահպանությունը: Նրանք, ում համար Ֆրանսիան մարդու իրավունքների հայրենիքն է հանդիսանում, պետք է ընդունեն այս օրինագիծը, որը քննադատում է Հայոց ցեղասպանության ժխտումը եւ դրա համար քրեական պատիժ է նախատեսում»,- հայտնել է Ռենե Ռուկուն: Ֆրանսիայի պետքարտուղար, երկրի արտգործնախարար Ալան Մարլեքսն իր հերթին հայտնել է, որ երկրի կառավարության դիրքորոշումը տվյալ օրինագծի առնչությամբ շատ հստակ է: «Օրինագիծն արդեն գոյություն ունի, բայց Ֆրանսիայի կառավարությունը գտնում է, որ անցյալի իրադարձությունների դիտարկմամբ պետք է զբաղվեն պատմաբանները, եւ երկրի խորհրդարանն իրավունք չունի այդ հարցի վերաբերյալ որեւէ օրինագիծ ընդունել»,- հայտնել է Ալան Մարլեքսը` ավելացնելով, որ պաշտոնական Փարիզը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությունը:

Ինչպես հաղորդել է Ժան Էքիյանը, Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների խորհուրդը դեկտեմբերի 10-ին ծրագրում է Ֆրանսիայի Սենատի շենքի դիմաց ցույց անցկացնել եւ պահանջել ընդունելու 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը:

2006թ. դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը հավանություն տվեց Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագծին: Այդ ջարդերի ժամանակ ոչնչացվեց 1,5 միլիոն հայ, իսկ 500 հազարը սփռվեցին աշխարհով մեկ` կազմավորելով հայկական Սփյուռքը: Հայոց ցեղասպանության ժխտման համար օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազ. եվրոյի տուգանք: