11 փետրվարի 2020 - 19:02 AMT
Ծնողական խնամքից զուրկ և հոգեկան խնդիրներով երեխաները կարող են նպաստ ստանալ

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է 3-րդ աստիճանի հաշմանդամություն ունեցող և հոգեկան խանգարումներով մինչև 14 տարեկանների խնամատարներին նպաստ տրամադրելու նախագիծը։

«Պետական նպաստների մասին» օրենքում համապատասխան լրացումների նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Առաջարկվում է օրենքում ավելացնել «խնամակալության նպաստ» հասկացությունը: Եվ այն մարդկանց, որոնց խնամակալության տակ կան անձինք, ովքեր կարիք ունեն շուրջօրյա խնամքի, նրանց նկատմամբ սահմանել նպաստ»,- ասել է Զեյնալյանը:

Նրա խոսքով` այժմ օրինագիծը վերաբերում է միայն ծնողական խնամքից զրկված և հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին ու նրանց խնամակալներին, որոնց թիվը Հայաստանում ներկա պահին 433 է :

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կառավարությունը նախագծի վերջնական տարբերակին դեմ չէ, չնայած այն որոշակի ծանրաբեռնվածության ավելացում է ենթադրում պետբյուջեի վրա:

Խնամակալության նպաստի իրավունքի օրենքի ընդունմամբ նպաստ կստանան 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված մինչև 14 տարեկան, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված մինչև 14 տարեկան երեխաների ծնողները։

2019-ի դեկտեմբերին կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ առաջարկվել էր հստակեցնել շահառուների շրջանակը, հաշվարկներ անել, որոնք թույլ կտան հասկանալու պետբյուջեից տրամադրվելիք միջոցների չափը և նախագծում հստակ նշել նպաստի իրավունք ստացողներին առաջադրվող պահանջները։