12 փետրվարի 2020 - 13:51 AMT
«Ուհան-400». Ամերիկացի գրողը 1981-ին «կանխատեսել էր» չինական քաղաքում վիրուսի առաջացումը

Ամերիկացի ֆանտաստ գրող Դին Կունցը, որը մի շարք բեսթսելերների հեղինակ է միստիկայի և սարսափի թեմաներով, դեռևս 1981-ին կանխատեսել էր նոր վտանգավոր վիրուսի առաջացումը Չինաստանում: Գրողը նշել է նույնիսկ քաղաքը՝ նրա «Մթության աչքերը» (The Eyes of Darkness) գրքում վիրուսն առաջանում է Ուհանում, ինչպես դա եղավ կորոնավիրուս COVID-19-ի դեպքում: Առաջինն այդ մասին փետրվարի 11-ին գրել է Zerohedge պորտալը:

«Հասկանալու համար այս ամենը, հարկավոր է 12 ամսով հետ գնալ: Հենց այն ժամանակ չինացի գիտնական Լի Չենը գաղտնի արտագաղթեց ԱՄՆ և նյութեր բերեց իր հետ նոր չինական մանրէաբանական զենքի մասին: Նոր վիրուսը նրանք անվանել էին «Ուհան-400» (Wuhan-400)՝ այն քաղաքի անունով, որի հարևանությամբ է գաղտնի լաբորատորիան, որտեղ ստեղծվել է վիրուսը: Այն իր արդյունավետությամբ հարյուրավոր անգամ գերազանցում էր բոլոր մյուս միկրոօրգանիզմներին, մշակված մոլորակի ցանկացած այլ գիտահետազոտական կենտրոնում»,- ասվում է վեպում:

Մի քիչ էլ գրքի վիրուսի մասին. «Ուհան-400»-ն իդեալական զենք է: Այն ներգործում է միայն մարդկանց վրա, չի փոխանցվում այլ կենդանի էակների միջոցով: Ինչպես և սիֆիլիսի հարուցիչ սպիրոխետան, «Ուհան-400»-ը 1 րոպեից ավելի կենսունակ չէ մարդկային օրգանիզմից դուրս: Դա նշանակում է, որ այն չի կարող հավերժ վարակել օբյեկտներ կամ տարածքներ, ինչպես սիբիրյան խոցը և այլ վտնգավոր հիվանդություններ: Իսկ կրողի մահից հետո «Ուհան-400»-ը բնական ճանապարհով մահանում է մի փոքր ավելի ուշ, երբ մարդկային մարմնի ջերմաստիճանը նվազում է Ֆարենհեյթի սանդղակով 86 աստիճանից: Հասկանո՞ւմ եք, ինչ առավելություններ այն ունի»:

Եվ էլի մանրամասներ. «...Ուզո՞ւմ եք ասել, որ որևէ տարածքում մարդկանց ոչնչացնելու նպատակով «Ուհան-400»-ի կիրառումից հետո չինացիները ստիպված չե՞ն լինելու ախտահանել տարածքը գրավելուց առաջ:

-Ճիշտ այդպես,- գլխով արեց Դոմբին:

-Եվ դրանով «Ուհան-400»-ի առավելությունները չեն սահմանափակվում: Կրողը վարակիչ է դառնում վիրուսի հետ շփումից արդեն 4 ժամ անց: Դա շատ կարճ ինկուբացիոն շրջան է: Վարակված մարդը 24 ժամից ավելի չի ապրում: Մեծ մասը մահանում է 12 ժամից: Այդ վիրուսն Աֆրիկայում տարածված Էբոլայի տենդից սարսափելի է: Այն 100 տոկոսանոց մահացություն է ապահովում: Ողջ մնացածներ դեռ չեն եղել: Չինացիներն այն ստուգել են քաղբանտարկյալների վրա: Դրանք չկարողացան հակաթույն կամ հակաբիոտիկ գտնել, որը կազդեր արդյունավետ: Վիրուսը թափանցում է ուղեղի ցողունային բջիջներ և սկսում տոքսին գեներացնել, որը քայքայում է ուղեղի հյուսվածքն այնպես, ինչպես թթուն՝ թանզիֆը: Այն ոչնչացնում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է օրգանիզմի հիմնական ֆունկցիաների համար: Դադարում է բաբախել սիրտը, բոլոր օրգաններն այլևս չեն գործում, մարդը կորցնում է շնչելու ունակությունը»:

Փետրվարի 12-ի դրությամբ՝ Չինաստանում COVID-19-ը կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1113-ի: Տարբեր նահանգներում թոքաբորբով է վարակվել 44,653 մարդ, 38,800 հիվանդ կա, 8200-ի վիճակը ծանր է: Հիվանդանոցներից դուրս է գրվել 4700 մարդ: Չինաստանից բացի, կորոնավիրուսով վարակի դեպքեր են գրանցվել ևս 25 երկրում: