12 փետրվարի 2020 - 12:59 AMT
ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

Երևանի պետհամալսարանի հոգաբարձուների խորհուրդը մրցույթ է հայտարարել ռեկտորի թափուր պաշտոնի համար:

Խորհրդի որոշմամբ՝ այն անցկացվելու է մարտի 23-ին: Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձինք:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել մինչև մարտի 7-ը:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի առաջադրելու իր թեկնածությունը: Նա հրաժարվել է պատճառների մասին հայտնել՝ ասելով, որ դա իր իրավունքն է:

2019-ի մայիսին հրաժարական էր տվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նույն ամսում հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրվել համալսարանի նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ում Սիմոնյանն աշխատանքից ազատել էր վստահությունը կորցնելու, իշխանությունների հետ գաղտնի գործակցության և կասկածելի գործարքների համար։

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով: