14 փետրվարի 2020 - 12:32 AMT
«Լրագրողներ առանց սահմանների». ՀՀ-ում լրագրողների դեմ դատական հայցերի աճը մտահոգիչ է

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում լրագրողների դեմ դատական հայցերի աճի կապակցությամբ:

Կազմակերպությունում նշել են, որ ՀՀ-ում ավելի շատ լրագրողներ են կանչվում հարցաքննության հրապարակումների հիմքով՝ չնայած ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածը երաշխավորում է տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ վկայակոչելով վիճակագրությունը, նշել է, որ Հայաստանում վերջին 4 տարում զրպարտության կամ վիրավորանքի մասին հայցերը եռապատկվել են(2016-ին՝ 24 դեպք, 2019-ի՝ 74-ի դիմաց): Ըստ կառույցի՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ հիմնականում դատական հայցեր են ներկայացնում քաղաքական գործիչներն ու գործարարները։

Կազմակերպությունը, մասնավորապես, նշում է 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի դեպքը, որը դատարանում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և News.am-ի միջև կապի մասին ֆեյսբուքյան իր գրառման համար։

Նշվում է, որ դատարանը վճռել էր, որ նա պետք է «մեջբերեր իր աղբյուրը» և «ստուգեր փաստերը», մինչդեռ նա պարզապես իր կարծիքն էր հայտնել ոչ պաշտոնական հարթակում: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ, չնայած դրան, բազմաթիվ թերթեր շարունակում են հաղորդել չճշտված լուրեր, որոնք երբեք չեն հերքվում:

Կազմակերպությունն առանձնացրել է ևս մեկ դեպք՝ կապված «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հետ: Ըստ լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի՝ Մանուկյանը նույնպես հետապնդման զոհ է դարձել իր աղբյուրը չբացահայտելու համար և նրան քրհետապնդում է սպառնում։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տարեկան զեկուցի համաձայն՝ Հայաստանը 2018-ին մամուլի ազատության ոլորտում միանգամից 19 կետով բարելավել է դիրքերը աշխարհի 180 երկրրի շարքում՝ զբաղեցնելով 61-րդ տեղը։