14 փետրվարի 2020 - 13:08 AMT
Մարուքյանը՝ իր և Փաշինյանի մասին. Սև կատու մեր միջև չի անցել, անձնական խնդիր չունենք

Վարչապետի հետ որևէ անձնական խնդիր չկա, տարաձայնությունները միայն քաղաքական են, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, փոխանցում է Factor.am-ը։

Մարուքյանը նշել է, որ իրենք միասին մի դաշինք են հիմնադրել՝ ընդդեմ նախկին իշխանությունների և հանուն փոփոխությունների, այդ փոփոխությունները եղել են և յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով:

«Ես հպարտ եմ մեր անցած ճանապարհով, ոչ մի վայրկյան չեմ փոշմանում: Մեր գաղափարական և մեթոդաբանական տարբերությունները նաև այն ժամանակ է արտացոլվել քննարկումների ժամանակ, հետևաբար ակնհայտ էր, որ վաղ թե ուշ առանձին ենք շարունակելու մեր ճանապարհը: Որևէ սև կատու մեր միջև չի անցել, որևէ անձնական խնդիր ես և Նիկոլ Փաշինյանը չունենք, մեր տարաձայնությունները միայն քաղաքական են»,- հայտարարել է Մարուքյանը:

Փետրվարի 12-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ու Մարուքյանը բանավեճ էին ունեցել: Մարուքյանն ասել էր, թե վարչապետը սրբագրում է իր ելույթները: Նա ցանկացել էր Փաշինյանից իմանալ, թե ով է հանձնարարել Վանաձորում աուդիտով գտնել ԼՀԿ անդամների: Ի պատասխան՝ Փաշինյանն ասել էր, թե Մարուքյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այլ ելույթներ էր ունենում ու կոչ արել վայելել այն ազատությունը, որն իրեն բերել է հեղափոխությունը: Վարչապետը խնդրել էր նաև աուդիտի մասին հայտարարության ապացույցը ներկայացնել, որպեսզի զբաղվեն այդ հարցով: