14 փետրվարի 2020 - 14:54 AMT
Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. Ապրիլի 5-ի հանրաքվեին Երևանին վերաբերող հարցեր չեն կարող դրվել

Երևանին վերաբերող հարցերը հնարավոր չէ ապրիլի 5-ին հանրաքվեի դնել, հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, փոխանցում է Armtimes.com-ը:

Ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ զրուցել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ այն թեմայի շուրջ, որ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ նաև Երևանին վերաբերող հարց դրվի հանրաքվեի: Մարությանը հայտնել էր, որ չնայած որոշ բարդությունների, հարցը դեռ քննարկման փուլում է և իրենք ուզում են օգտագործել հնարավորույթունը, որպեսզի հավելյալ ծախս չարվի: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ծախսվելու է մոտ 2.5 մլրդ դրամ:

«Համապետական հանրաքվեի ընտրողների ցուցակն ու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրողների ցուցակները տարբեր են: Բացի այդ՝ կան ընտրողներ, որոնք համապետական հանրաքվեի ժամանակ չեն կարող քվեարկել, բայց կարող են քվեարկել, օրինակ, տեղական հանրաքվեի ժամանակ: Այս դեպքում խոսքը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց է վերաբերում, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին»,- հայտնել է Մուկուչյանը:

Ըստ ԿԸՀ ղեկավարի՝ տեխնիկական սարքավորմամբ այդ գրանցման իրականացումն ուղղակի անհնար կլինի, որովհետև երկու տարբեր ցուցակ է պետք:

Մայրաքաղաքի խնդիրների հարցով մեկ այլ առանձին հանրաքվե նշանակելու հնարավորության մասին հարցին պատասխանելով՝ Մուկուչյանը նշել է, որ ԿԸՀ-ն հանրաքվե նշանակող մարմին չէ, այլ միայն կազմակերպում է արդեն նշանակված հանրաքվեի գործընթացը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: