14 փետրվարի 2020 - 22:17 AMT
Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, նշվում է հաղորդագրությունում:

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: